Սննդառություն և մարսողություն.Շնչառություն
Սննդառությունը կենդանի օրգանիզմի կողմից տարբեր նյութերի կլանումն է սեփական գոյությունն ապահովելու նպատակով:
Արտաքին միջավայրից կլանված մարմինները և նյութերը, որոնք պահպանում են օրգանիզմի կենսագործունեությունը համարվում են սնունդ:
Սնունդ կարող է ծառայել և՛ անօրգանական նյութը (ջուրը, ածխաթթու գազը), և՛ օրգանականը (շաքարը, ճարպը և այլն) և ամբողջական կենդանի օրգանիզմը:
Բոլոր կենդանի օրգանիզմներում սնունդը ենթարկվում է միատեսակ փոփոխությունների.
1. Սննդի ստեղծում կամ ընդունում և կլանում:
2. Սննդի քայքայում պարզագույն գործառնական միավորների:
3. Այնուհետև՝
ա) ստացված պարզագույն գործառնական միավորների քայքայում և էներգիայի ստացում:
Սննդից անջատված էներգիայի հաշվին օրգանիզմը պահպանում է իր կյանքը և ակտիվությունը: Օրգանիզմի ակտիվությունը կյանքին բնորոշ բոլոր հատկանիշների պահպանումը, դրսևորումը և անխափան գործարկումն է:
Այսինքն, երբ օրգանիզմը շարժվում է, գրգռվում է, աճում է, բազմանում է և այլն, միշտ օգտագործում է սննդային էներգիան:
բ) ստացված պարզագույն գործառնական միավորներից սեփական օրգանիզմին բնորոշ նյութերի կառուցում:
Այդ նյութերը ծառայում են որպես շինանյութ: Այդպիսով առաջանում են նոր բջիջներ, հյուսվածքներ և օրգանիզմն աճում է ու զարգանում:
4. Օրգանիզմը շարունակում է գոյատևել:
Ըստ սննդառության եղանակի կենդանի օրգանիզմները բաժանվում են երեք խմբի.
- ավտոտրոֆներ— էներգիա են ստանում արևից:
- հետերոտրոֆներ — էներգիա են ստանում օրգանական նյութերի քայքայումից:
- միքսոտրոֆներ — էներգիա կարող են ստանալ և արևից և օրգանական նյութերից:
Ավտոտրոֆ սննդառության հիմնական ձևը ֆոտոսինթեզն է:
Բույսը արմատներով հողից կլանում է ջուր, իսկ տերևներով` օդից ածխաթթու գազ: Այդ անօրգանական նյութերից լույսի ազդեցությամբ, կանաչ քլորոֆիլի մասնակցությամբ բույսը պատրաստում է օրգանական նյութ` շաքար: Ֆոտոսինթեզի մնացորդ է թթվածինը, որը տերևներով հարստացնում է օդը:
Ավտոտրոֆ օրգանիզմը ֆոտոսինթեզի արդյունքում ջրից և ածխաթթու գազից սինթեզում է շաքար և անջատում թթվածին:
Ֆոտոսինթեզը բնորոշ է կանաչ օրգանիզմներին` բույսերին, կապտականաչ ջրիմուռներին և որոշ բակտերիաներին:
Հետերոտրոֆ սննդառության հիմնական ձևը պատրաստի սննդի որոնումն ու կլանումն է:
Հետերոտրոֆները օգտվում են ֆոտոսինթեզի պատրաստի արդյունքներից` թթվածնից և շաքարից ու դրա վերափոխումներից: Հետերոտրոֆ են բոլոր սնկերը և կենդանիները:
Միաբջիջ կենդանիներում կան որոշ բացառություններ: Երկարամտրակ էվգլենան ունի քլորոֆիլ և կարող է ինչպես ֆոտոսինթեզել, այնպես էլ սնվել հետերոտրոֆ կերպով:
Ըստ նախընտրած սննդի տեսակի՝ հետերոտրոֆները լինում են.
Բուսակեր — սնվում են բուսական ծագում ունեցող օրգանիզմներով կամ նրանց մասերով:
Օրինակ` թիթեռները, բադերը, նապաստակները, եղջերուները և այլն:
Կենդանակեր — սնվում են կենդանական ծագում ունեցող օրգանիզմներով: Նրանք որսորդներ են, իսկ սնունդ ծառայող զոհը` որս:
Օրինակ` առյուծը, գայլը, արծիվը, սարդը և այլն:
Ամենակեր — սնվում են և՛ բույսերով, և՛ կենդանիներով:
Օրինակ` մարդը, արջը, կետը:
Ըստ սննդի հայթհայթման ձևի՝ հետերոտրոֆները լինում են.
Սապրոֆիտներ — սնվում են մահացած կենդանի օրգանիզմների մնացորդներով, բույսերի պտուղներով, այլ պատրաստի օրգանական նյութերով:
Օրինակ` աղիքային ցուպիկը, պենիցիլինը, ճանճը, բորենին:
Գիշատիչներ — բոլոր այն կենդանի օրգանիզմներն են, որոնք որս են անում: Այսինքն բռնում են իրենց զոհին, սատկացնում, ապա սնվում դրանցով:
Օրինակ` սարդը, կոկորդիլոսը, վագրը, գայլը:
Որոշ բույսեր հանդիսանում են գիշատիչներ: Նրանք ունեն հատուկ «թակարդներ», որոնցով որսում են միջատների և սնվում նրանց օրգանական նյութերով: Դրանք միջատակեր բույսերն են:
Օրինակ` ռաֆլեզիան, վեներայի ճանճորսը, ցողիկը, ցնցղենին:
Մակաբույծներ — ապրում են որևէ կենդանի օրգանիզմի մեջ կամ օրգանիզմի վրա: Սնվում են նրա օրգանական նյութերով: Այդ օրգանիզմը մակաբույծի տերն է: Մակաբույծները թունավորում են տիրոջ օրգանիզմը:
Օրինակ՝ լյարդի ծծանը, էխինոկոկը, եզան երիզորդը, տիզը:
Շնչառություն
Կենդանի օրգանիզմների կարևոր հատկանիշներից է նյութափոխանակությունը: Կենդանի օրգանիզմների նյութափոխանակության կարևոր դրսևորում է գազափոխանակությունը:
Այն գազափոխանակությունը, երբ օրգանիզմը օդից կլանում է թթվածին և անջատում ածխաթթու գազ կոչվում է շնչառություն:
Կենդանի օրգանիզմների կայսրության զգալի մասը հարմարված է միայն գոյատևել թթվածնով հարուստ միջավայրում:
Թթվածինը մասնակցում է սննդի քայքայման և նրանից կենսական էներգիայի անջատման գործընթացին:
Գոյություն ունի շնչառության երկու բաղադրիչ` արտաքին և ներքին:
Ներքին շնչառությունը կոչվում է նաև բջջային:
Օրգանիզմի փոխադրական համակարգերի շնորհիվ յուրաքանչյուր բջիջ` մեկ առ մեկ ստանում է սննդանյութ և թթվածին: Բջիջը դրանցից ստանում է էներգիա և կենսագործում:
Բջջային շնչառության ձևերը, գրեթե անփոփոխ, բնորոշ են բոլոր տիպի կենդանի օրգանիզմներին:
Արտաքին շնչառությունը գազափոխությունն է օրգանիզմի և օդի միջև:
Արտաքին շնչառությամբ միմյանցից տարբերվում են՝ պարզագույն օրգանիզմները, բույսերը, կենդանիները:
Պարզագույն օրգանիզմները հիմնականում միաբջիջ օրգանիզմներն են կամ բազմաբջիջ ստորակարգ կենդանիները: Նրանք շնչում են օրգանիզմի ամբողջ մակերեսով:
Բույսերը շնչառության հատուկ մասնագիտացված օրգան համակարգ չունեն: Թթվածինը բջիջներին բաշխվում է միջբջջային տարածություններով: Բույսը տերևի ստորին մակերեսին ունի հատուկ բջիջներ, որոնք կոչվում են հերձանցքներ: Դրանք առաջանում են երկու կիսալուսնաձև բջջից, որոնք բացվում և փակվում են: Բացված վիճակում կատարվում է գազափոխանակություն բույսի և օդի միջև: Հերձանցքներով գոլորշանում է նաև ջուրը:
Բարձր կազմավորված կենդանիներն ունեն շնչառության մասնագիտացված օրգան համակարգ:
Ջրային կենդանիների շնչառության օրգանն է` խռիկները:
Ցամաքային կենդանիների շնչառության օրգանն է` թոքերը:
Միջատների շնչառության օրգանն է` շնչառական խողովակները՝ տրախեաները:
Կենդանիների շնչառության օրգան կարող է լինել նաև մաշկը: Գորտի գազափոխանակության գրեթե կեսն ապահովում է մաշկը:
Լրացուցիչ աշխատանք.
Պատասխանել հարցերին
- Սննդառության ի՞նչ եղանակներ են ձեզ հայտնի:
Ինձ հայտնի է ՝սննդառության այս տեսակները ավտոտրոֆ, հետերոտրոֆ, միքսոտրոֆ, հողային, ֆոտոսինթեզ։
- Ինչպե՞ս են սնվում բույսերը:
բույսերը սնվում էն արևից և ջրից։
- Ի՞նչ է հետերոտրոֆ օրգանիզմներ գիտեք:Բերե՛ք օրինակներ:
Հետերոտրոֆ օրգանիզմներն ընդունակ չեն անօրգանական միացություններից սինթեզելու օրգանական միացություններ։
- Ի՞նչ է շնչառությունը:
Շնչառություն, արտաքին միջավայրից օդի անցումը թոքեր և հակառակ ուղղությամբ, որի ընթացքում օրգանիզմը ստանում է թթվածնին և արտազատում ածխածնի երկօգսիդ։