March 14

Մայրը Հ․Թումանյան

Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը պատահեց։ Էս դեպքից հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը։

Ծիծեռնակը բույն էր շինել մեր սրահի օճորքում։ Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։

Ե՛վ գարունն էր բացվում, և՛ մեր սրտերն էին բացվում, հենց որ նա իր զվարթ ճիչով հայտնվում էր մեր գյուղում ու մեր կտուրի տակ։

Եվ ի՜նչ քաղցր էր, երբ առավոտները նա ծլվլում էր մեր երդիկին կամ երբ իրիկնապահերին իր ընկերների հետ շարժվում էին մի երկար ձողի վրա ու «կարդում իրիկնաժամը»։

Եվ ահա նորից գարնան հետ վերադարձել էր իր բունը։ Ձու էր ածել, ճուտ էր հանել ու ամբողջ օրը ուրախ ճչալով թռչում, կերակուր էր բերում իր ճուտերին։

Էն իրիկունն էլ, որ ասում եմ, եկավ, կտցում կերակուր բերավ ճուտերի համար։ Ճուտերը ծվծվալով բնից դուրս հանեցին դեղին կտուցները։

Էդ ժամանակ, ինչպես եղավ, նրանցից մինը, գուցե ամենից անզգուշը կամ ամենից սովածը, շտապեց, ավելի դուրս ձգվեց բնից ու ընկավ ներքև։

Մայրը ճչաց ու ցած թռավ ճուտի ետևից։ Բայց հենց էդ վայրկյանին, որտեղից որ է, դուրս պրծավ մեր կատուն, վեր թռցրեց փոքրիկ ճուտը։

— Փի՛շտ, փի՛շտ, — վեր թռանք ամենքս, իսկ ծիծեռնակը սուր ծղրտալով ընկավ կատվի ետևից՝ նրա շուրջը թրթռալով կտցահարելով, բայց չեղավ։ Կատուն փախավ մտավ ամբարի տակը։ Եվ այս ամենն այնպես արագ կատարվեց, որ անկարելի էր մի բան անել։

Ծիծեռնակը դեռ ծղրտալով պտտում էր ամբարի շուրջը, իսկ մենք՝ երեխաներս, մի-մի փայտ առած պտտում էինք ամբարի տակը, մինչև կատուն դուրս եկավ ու փախավ դեպի մարագը, դունչը լիզելով։

Ծիծեռնակը դատարկ կատվին որ տեսավ, մի զիլ ծղրտաց ու թռավ, իջավ դիմացի ծառի ճյուղին։ Այնտեղ լուռ վեր եկան։ Մին էլ տեսանք՝ հանկարծ ցած ընկավ մի քարի կտորի նման։ Վազեցինք, տեսանք՝ մեռած, ընկած է ծառի տակին։

Մի գարնան իրիկուն էր, որ այս դեպքը պատահեց։ Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր անծանոթ բառերը։

օճորք – առաստաղ

երդիկ – Տան կտուրի մեջ թողած բացվածք, որ ծառայում Է իբրև լուսամուտ և օդանցք:

մարագը – չոր անասնակերը ամբարելու տեղ, խոտանոց

զիլ –  Բարձր և սուր

2․Տեքստից դուրս գրի՛ր եզակի թվով չորս գոյական (առարկա ցույց տվող բառ) և դարձրու հոգնակի

բույն – բներ

ձու – ձվեր

կերակուր – կերակուրներ

մարագ – մարագներ

  1. Ի՞նչ է նշանակում ծղրտալով բառը․

ա/ ծիծաղելով

բ/ ճչալով

գ/ ծլվլալով

դ/ երգելով

4. Ի՞նչ սովորություն ունեն ծիծեռնակները։

Ամեն գարուն բուն են սարքում տան օճորքում։

5.Ծիծեռնակի ո՞ր ճուտը կատվի զոհը դարձավ․

ա/ ամենից փոքրն կամ ամենից անկարգը

բ/ ամենից անվախը կամ ամենից չարաճճին

գ/ ամենից մեծը կամ ամենից հնարամիտը

դ/ ամենից անզգույշը կամ ամենից սովածը

6. Ի՞նչ պատահեց ծիծեռնակին, երբ տեսավ դատարկ կատվին․

ա/ թռավ-գնաց, որպեսզի կերակուր բերի

բ/ հանգիստ նստեց ծառի ճյուղին

գ/ քարի կտորի նման ցած ընկավ ճյուղից

դ/ ծլվլում էր երդիկին

7. Ինչո՞ւ երեխաները չկարողացան փրկել ծիծեռնակի ձագին։

Որովհետև այդ ամենը շատ արագ տեղի ունեցավ։


Posted March 14, 2022 by Մարկ Խալաթյան in category Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*